Wednesday, May 25, 2011

Կորած մոլորած...

Առավոտյան անծանոթ համարից զանգ եկավ: Վերցնում եմ հեռախոսս, մի հաճելի կանացի ձայն, թե` <կներեք, ես Մելանյա Բարսեղյանի հետ եմ խոսում?>, ասեցի` այո, թե`<Դուք մի հոդված եք գրել էքստրասենս Ռաֆայել Սարգսյանի մասին, խնդրում եմ` ինձ նրա կոորդինատները տաք>: <Ում մասին? Էքստարսենսի մասին? Ով է գրել? Ես?>,-ապշեցի... Այս վերջերս առանց այդ էլ հազվադեպ եմ հոդված գրում, իսկ էքստրասենսի մասին երբեւէ գրած չկամ, ու չէի էլ հիշում, որ ընդհանրապես որեւէ մեկը մեր թերթում այդ անուն ազգանունով էքստրասենսի մասին գրած լիներ, հաստատ ես չեմ եղել... Շատ լավ հիշում եմ ինչ-որ Էլյա կոչվածի մասին են մեր ջահելները գրել` մոտ երկու-երեք տարի առաջ, դա էլ հիշում եմ, որովհետեւ հետո պատահմամբ տեսա, թե այդ ջրիկ հոդվածի պատճառով մեր բլոգերները ինչ մի հարայ-հրոց էին բարձրացրել, եւ ինչպես էին ծամում <Առավոտի> եւ մասնավորապես` Արամի ոսկորները, որը այդ հոդվածից ընդհանրապես տեղյակ էլ չէր` ի դեպ ... Հա, այդ Էլյային եմ հիշում, հիշում եմ եւս մի կնոջ մասին ենք գրել, որը տպավորվել էր մեջս նրանով, որ այս Ամանորին Ծաղկաձորում այլընտրանք չունենալու պատճառով նայում էինք ТНТ ռուսական ալիքով մի հաղորդում` <Бытва экстрасенсов>, որի հերոսներից մեկը հենց այդ կինն էր` անունը հիմա չեմ հիշում... Բայց ոչ մի տղամարդ էքստրասենսի չեմ հիշում, որի մասին մեր թերթում գրած լինենք... Ասում եմ` կներեք, ես չեմ հիշում նման հոդված, եթե հեղինակի անունը լավ նայեք... <Հեղինակը Մելանյա Բարսեղյանն է, հոդվածը կոչվում է <Լայնորեն փակված աչքերով>... Ռաֆայել Սարգսյանի մասին է, ես Գուգլով իր անունը սըրչ տվեցի եւ գտա այս հոդվածը, ինքը հեռուստատեսությամբ էլ է խոսել, բայց մենակ ձեր հոդվածը գտա, չեք ասի իր տվյալները>: Ա~յ քեզ բան, այս ինչ անհեթեթություն է` մտածում եմ: Ես չեմ հիշում նման վերնագրով ոչ մի հոդված, ես չեմ հիշում ոչ մի էքստրասենսի... Տիկինը շարունակում է.<Դուք գրել եք, որ ապրիլի 16 -ից Ռաֆայել Սարգսյանը մարզահամերգայինում բուժման միաժամանակյա սեանսներ է տալիս...>: Ի~~~~նննչչչչ??????
Տիկնոջը մի կերպ համոզեցի, որ ես չեմ հիշում, որ նման բան գրած լինեմ, որ խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես որեւէ էքստրասենսի մասին երբեւէ գրած լինեմ, բայց ինչ-որ աղոտ, շաաաատ աղոտ հիշողություն կարծես սկսեց արթնանալ մեջս...
Տեխնիկայի այս դարում, Գուգլի տված հնարավորությունների եւ անծանոթ տիկնոջ տված հուշումների պայմաններում ինձնից ընդամենը վայրկյաններ պահանջվեց գտնելու համար հիշյալ հոդվածը եւ վստահվելու համար, որ կասկածներս առ այն, որ մոտս սկլերոզ է զարգանում` միանգամայն արդարացված են:
http://www.aravot.am/am/articles/politics/2036/view/function.require   Այս հոդվածը գրվել է յոթ տարի առաջ` 2004 թվականի ապրիլին, բայց ինձ զանգահարած տիկինը չէր տեսել ամսաթիվը եւ նրան թվացել էր, թե պարոն էքստրասենսը հիմա է բուժման միաժամանակյա կուրս անցկացնում մարզահամերգային համալիրում... Ճիշտն ասած` չեմ էլ հիշում այն ժամանակ եղավ, թե այդպես էլ չեղավ այդ խոստացված համաբուժումը, կարողացավ կարատեիստ-էքստրասենսը հավաքել այդ քանակի հիվանդներ, թե` ոչ... Բայց ինձ համար այս պատմության մեջ առավել ցավալին այն էր, որ կան մարդիկ, որոնք այն աստիճանի անելանելի դրության մեջ են իրենց զգում, որ ստիպված Գուգլով փնտրում են ինչ-որ էքստրասենսի, ապա չգիտես ոնց եւ որտեղից ձեռք են բերում նրա մասին յոթ տարի առաջ գրած լրագրողի հեռախոսահամարը, զանգահարում եւ էքստրասենսի կոորդինատներն են խնդրում... Չգիտեմ ինչ խնդիր, ինչ ցավ, ինչ դժվարություն ուներ ինձ զանգահարած անծանոթ տիկինը, բայց շատ եմ ափսոսում, որ որեւէ բանով չկարողացա օգնել նրան... Գոնե էդ Ռաֆայելի հեռախոսահամարը յոթ տարի առաջ վերցրած լինեի` հույս ունենալով, որ մի օր կարիքը կզգամ: Թե ինչու եմ ես այսքան անհավատ` տարբեր գերբնական ուժերի հանդեպ...

No comments:

Post a Comment