Ինչպես ասում են` բոլոր խաղերը խաղացինք, մնացել էր սարի սմբուլը... Չմեռանք` բլոգեր էլ դարձանք: Ու թեեւ գիտեմ, որ այս <հիվանդությունը> դեռ երկար ինձ բաց չի թողնելու, բայց մեջս լիքը ասելիք էր եփվում, որը չմատուցելը օրեցօր դժվարանում էր:
Երկար մտածեցի այն մասին, թե` իմ անունով ներկայանամ, թե` ծածկանունով? Ծածկանունը հեշտացնում է գործը` կարող ես ասել այն ամենը, ինչ մտքիդ կա, եւ չմտածել հետեւանքների մասին: Դա գրեթե նույնն է, երբ փոքրիկ չարաճճին մտնում է մոր փեշի տակ եւ սկսում այնտեղից հայհոյել բակի ընկերներին` լավ իմանալով, որ ոչ ոք չի համարձակվի իր թաքստոցը մտնել: Դա գրեթե նույնն է, ինչ անում են ՖԲ-ի կամ այլ հրապարակային միջավայրի անանուն կամ հեռավոր արտասահմաններում կամ այլ վայրերում ծվարած հայհոյախոսները: Չմտածել հետեւանքների մասին իրեն կարող է թույլ տալ միայն ծայրահեղ անպատասխանատու անձը: Որովհետեւ հետեւանքները կարող են լինել շատ տարբեր, բայց դրանցից միայն մեկը` դիմացինին ցավ պատճառելը, խոցելը, բավական է, որ հասկանաս` դիմակի տակ թաքնվելով դու միայն ավելի չարն ես դառնում: Այսպես կոչված` ճշմարտախոսությունը կամ <լեզվի տակ ոսկոր չունենալը> շատ բարակ սահման ունի անտակտության եւ անշնորհքության հետ` առօրյա կյանքում, ծանոթների եւ հարազատների հարաբերություններում: Դե, պատկերացրեք այդ նույնը` անծանոթ եւ անհարազատ մարդկանց միջավայրում: Դեռ չեմ տեսել որեւէ մի անանուն կամ մականունավոր ֆեյսբուքցու, որը բարեկրթության սահմաններում մնա: Իսկ ես ինձ չեմ ուզում տեսնել այդ սահմաններից դուրս: Մի խոսքով` բարեւ, ես եմ...
No comments:
Post a Comment