Վերջին շրջանում` արդեն մի քանի տարի, ես ենթագիտակցաբար փորձում եմ ինձ հետ պահել ցանկացած բացասական զգացողություններից, եւ առաջին հերթին` ծանր, տխուր ֆիլմերից, հեռուստատեսային լուրերից, սերիալներից... Բավական է ֆիլմի վերնագրում տեսնեմ ինչ-որ բառ, որը կհուշի, որ դրանում կարող է ցավ, տառապանք, բռնություն, ագրեսիա, չարություն լինի, փոխում եմ ալիքը, դե, իսկ լուրեր եւ սերիալներ չնայելն ավելի հեշտ է` մեր տանը ոչ ոք դրանք չի նայում, եւ ես ստիպված չեմ պայքար տանել հեռուստացույցի ալիքները փոխելու համար: Մի քանի շաբաթը մեկ անգամ միջնեկ դուստրս է ինչ-որ ամերիկյան երիտասարդական սերիալ միացնում, այն էլ` չեմ բարկանում, քանի որ դրանցում գեղեցիկ եւ ակնահաճո դատարկությունից բացի` ոչինչ գրեթե չկա, էլ չեմ ասում, որ նայում է անգլերեն տարբերակը, ու ես, հիշելով, որ <քանի լեզու գիտես, էնքան մարդ ես>, համակերպված լռում եմ:
Բայց այդ <ստերիլ> վիճակը երբեմն վատ ծառայություն է մատուցում. հարցնում են` տեսար, թե ինչ վիճակում էին ճապոնացիները երկրաշարժից հետո, ամաչում եմ պատասխանել, որ` ոչ, չեմ դիտել եւ ոչ մի կադր, եւ ոչ մի ֆոտո այդ երկրաշարժի մասին, թեեւ կարդացել եմ ողջ լրաշարը: Հարցնում են` տեսար ոնց բռնեցին էսինչին կամ ոնց ծեծեցին էնինչին, այս անգամ արդեն առանց ամաչելու պատասխանում եմ` չէ, չտեսա, ու չեմ էլ ուզում տեսնել... Էլ չեմ խոսում, որ երբ ինչ-որ մեկի տանը հյուր եմ լինում, որտեղ մշտապես միացված է լինում հեռուստացույցը, ուղղակի դիվոտում եմ... Որովհետեւ ուրիշ որեւէ այլ բան, քան սերիալ եւ լուրեր, չգիտես ինչու, չկա մեր եթերում... Ու սկսում եմ պատրվակ փնտրել` տուն վերադառնալու համար` հո չեմ կարող մեր սերիալասեր բարեկամությանը ասել` անջատեք, խնդրեմ, այդ տխմարությունը...
Չէ, չկարծեք, թե ես ընդհանրապես հեռուստացույցից կտրված եմ: Ամենեւին: Մեծ հաճույքով դիտում եմ кухня, комедия, MGM, Mezzo, телекафе, премьера ալիքները, էլ չեմ ասում, որ ավելի հաճախ պարտադրված նայում եմ մուլսերիալներ` TiJi եւ JimJem ալիքներով` չորսուկես տարեկան դուստրս դրանց շնորհիվ հրաշալի ռուսերեն է սովորել:
Ֆիլմեր ցուցադրող ալիքները միացնում եմ միայն այն ժամանակ, երբ դրանցով ռոմանտիկ կոմեդիա կամ մելոդրամ են ցուցադրում, բավական է տեսնեմ <թրիլլեր> կամ առավել եւս <սարսափ> բառերը, միանգամից փոխում եմ ալիքը:
Այսքան երկար նախաբանից հետո հասա բուն ասելիքիս:
Չգիտեմ, թե երեկ ինչն էր պատճառը, բայց որոշեցի նայել մի ֆիլմ, որը կոչվում էր <Թքել եմ ձեր գերեզմանների վրա>: Անոնսում էլ գրված էր, որ <թրիլլեր> է: Եվ գուցե հենց այն պատճառով, որ շա~տ վաղուց նման բաներ չեմ նայել, այդ ֆիլմը երկար ժամանակ ուղեղիցս դուրս չէր գալիս: Սյուժեն պարզունակ էր` մի խումբ լակոտներ բռնաբարում են մի երիտասարդ աղջկա, եւ հետո նա վրեժխնդիր է լինում` մեկ առ մեկ սպանելով հինգին էլ: Դրանցից մեկը, ընդ որում` այդ տեղամասի շերիֆն էր: Ֆիլմը չափից դուրս նատուրալիստական էր. ամենայն մանրամասնությամբ ցուցադրվում էին ե'ւ հերոսուհու, ե'ւ հետո` նրա զոհերի տանջանքները, կտտանքները... Բայց ես չէի կարողանում կտրվել այդ դաժան ֆիլմից: Սկզբում հերոսուհու հետ տառապում էի, խելագարվում էի, թե ինչպես մարդ արարածը կարող է այդքան դաժան, այդքան ստոր եւ այդքան գազան լինել, իսկ հետո, ի սարսափ ինձ, սիրտս փառավորվում էր, երբ աղջիկը այդ ոչնչություններին հատիկ- հատիկ վերացնում էր: Բայց ամենավերջում ես տխրեցի, որովհետեւ աղջիկը այդ վրեժխնդրությունից հետո ամենեւին երջանիկ չէր... Նա հավասարվել էր գազաններին:
Ամենահետաքրքիրը այն բացատրությունն էր, որ իրենք իրենց տալիս էին այդ գազանները` եթե այս աղջիկը եկել է եւ մեն-մենակ բնակվում է այս խուլ վայրում, առավոտյան վազում է անտառում` շորտերով, ուրեմն` մտքին մի բան կա... Այս միտքը, որ հետո այլ ձեւերով էլ էր արծարծվում ֆիլմում, ինձ հիշեցրեց ՖԲ-ում տեսածս մի երկխոսություն, որը կարդալուց հետո էլ երկար ժամանակ տեղս չէի գտնում: Բայց քանի որ այդ երկխոսության մեջ մտած մարդկանցից ոչ մեկի հետ friend չէի, չկարողացա մտահոգությունս տեղում արտահայտել: Մի կին (տվյալ դեպքում` անունները կարեւոր չեն) գեղարվեստական ձեւով ներկայացրել էր բռնաբարության պատմություն, եւ մեկնաբանողներից մեկը, ի դեպ, կիրթ, գրագետ, արվեստի մարդ, գրել էր` <եթե չէր ուզում, ինչ գործ ուներ էդ անասունի հետ>...
Սա, փաստորեն, տիպիկ տղամարդկային մտածելակերպ է: Ոչ թե` հայկական, ոչ թե` քյառթուական, այլ` ուղղակի տղամարդու: Չէ, ներողություն` արուի: Տղամարդը մի քիչ ավելի բարձր է: Տղամարդը <չեմ ուզում>-ը հասկանում է, իսկ տղամարդու միջի արու սկիզբը` չի հասկանում. նա որսորդ է, բռնել է որսին եւ պիտի տանջի, պիտի հասնի իր ուզածին:
Բա'յց:
Այդ եզրաբանությամբ` <եթե չէր ուզում, ինչ գործ ուներ...>, կարելի է արդարացնել ցանկացած տականքություն: Եվ մարտի 1-ի պատասխանատուներն էլ կարող են ասել` եթե զոհերը չէին ուզում զոհվել, ինչ գործ ունեին գիշերվա կեսին լարված հրապարակում` զինված ոստիկանության ու բանակի կողքը... Եթե չէիր ուզում քաղբանտարկյալ դառնայիր, ինչ գործ ունեիր Ազատության հրապարակում կամ Մյասնիկյանի արձանի մոտ, միկրոֆոնի առաջ... Եթե չէիր ուզում պատահական կրակոցի զոհ դառնալ, ինչ գործ ունեիր օրը ցերեկով Մալաթիա թաղամասում, բանկի խաչմերուկում` նստեիր տանդ, դուրս չգայիր... Եթե չէիր ուզում...
Բայց չէ որ նրանք բոլորն անում էին օրենքով թույլատրված, չարգելված բաներ` աղջիկը այդ անասունի հետ ընդամենը զբոսնում էր եւ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ, որ իր հետ սեռական հարաբերության մեջ մտնեն: Ֆիլմի հերոսուհին առանձնացել էր մի խուլ վայրում, որպեսզի իր վեպը գրեր եւ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ, որ ինչ-որ տականքներ մտնեն իր տուն եւ իրեն լլկեն: Մարտիմեկի զոհերը ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ եւ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ, որ իրենց օրինական իրավունքն իրականացնելիս ինչ-որ մեկը կսպանի իրենց... Մալաթիայի բնակչուհին գնացել էր խանութ գնումների եւ չգիտեր, որ տեղի թայֆայական ռազբորկաների ժամանակ պատահական գնդակը իր կյանքն է ընդհատելու...
Իսկ երբ քեզ հետ անում են մի բան, որ դու չես ուզում` ով կարող է քեզ մեղադրել նույնարժեք պատասխանի համար:
Վրեժը, այո, քաղցր բան է, սակայն, վրեժից բարձր կանգնելը, իմ համոզմամբ, որքան էլ որ դժվար ու անտանելի, բայց ավելի մարդկային է: Մարդուն հատուկ է: Մարդուն` ոչ թե նրա միջի կենդանական սկզբին...
No comments:
Post a Comment