Friday, May 6, 2011

Երկակի չափանիշներ

Ինչու են մարդիկ ուրիշներից միշտ ավելին պահանջում, քան իրենք իրենցից? Ինչու են մարդիկ ստիպում, որ ուրիշները լինեն անթերի ու կատարյալ եւ չեն ներում, երբ որեւէ մեկը չի համապատասխանում կատարելության իրենց չափանիշներին: Բայց իրենք իրենց առջեւ երբեք չեն դնում այնքան խիստ պահանջներ ու չափանիշներ, որքան ուրիշների: Մարդիկ դարերի ընթացքում այնքան են հոգնել այդ ամենից, որ բազմաթիվ ասացվածքներ են հորինել` <քո աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշը մի տես> կարգի:
<Ինքը պետք է սենց աներ>, <Ինքը չպետք է նենց աներ>, <ո~նց կարողացավ էսինչը անել>, <չի էլ ամաչում` էնինչը չի անում>... Սրանք պահանջներ են, որ մենք դնում ենք օտարի առաջ` չնկատելով, չմտածելով, թե մեկ ուրիշի տեսանկյունից էլ մենք պիտի <սենց անեինք>, կամ <նենց չանեինք>: Մենք մեզ միշտ ավելի հեշտությամբ եւ ավելի մեծ մեղքեր ենք ներում, քան ուրիշներին, մենք մեզ համար միշտ ունենք արդարացումներ, բացատրություններ, ուրիշների համար` երբեք: Մենք մեզ համար միշտ փաստաբան ենք` ամենաբարձր մակարդակի, իսկ մյուսների համար միայն մեղադրող` ամենախիստ եւ ամենապահանջկոտ: Այնքան խիստ ու պահանջկոտ, որ չենք խորշի երբեմն-երբեմն դահիճի դերն էլ ստանձնել: Մենք մեզ երբեք չենք դատում` միայն պաշտպանում ենք, եւ առավել եւս չենք դատապարտում, այն դեպքում, երբ ուրիշներին պատրաստ ենք ամեն վայրկյան կառափնարան ուղարկել...

No comments:

Post a Comment