Friday, May 6, 2011

Արեւագույն հրաշք

Երբ դրսում ամպամած է եւ մռայլ, երբ երեկվա կարկուտը հիմնահատակ ծաղկաջարդ է արել քո (տվյալ դեպքում` իմ) կեռասենիները, բալենիները եւ խնձորենիները, երբ հիդրոմետը պնդում է, որ անձրեւները դեռ մի շաբաթ էլ են համը հանելու...  հա, դե, իհարկե, սպասի եղանակ է, բայց մեր տանը սպաս սիրողները քիչ են, այնպես որ նույնիսկ ձմռանը առանձնապես չէին ուտում: Եվ ուրեմն` մի քիչ գույն ու արեւ տանք մեր մռայլ օրվան:

Դրա համար անհրաժեշտ է
4 հատ խոշոր գազար
1 հատ խոշոր նարինջ
4 հատ ձու
3/4 բաժակ հնարավոր ամենամուգ, շաքարեղեգնի բնական շաքարը (երեւանյան սուպերմարկետներում կան մի քանի տեսակի մուգ շաքարներ, տվյալ դեպքում <դեմերերա> տեսակը ցանկալի չէ, նախընտրելի է <մուսկավատո> տեսակը), իսկ եթե չկա, կարելի է փոխարինել հետեւյալ խառնուրդով` 1/4 բաժակ մեղր ավելացրած 3/4 բաժակ սովորական շաքար (իհարկե, որակի առումով խիստ տուժում է, բայց համը մի քիչ նման է)
0,5 բաժակ չարտահայտված համով բուսական յուղ` արեւածաղիկի, եգիպտացորենի, ընկույզի (սա շատ թանկ է` կարելի է խառնուրդ պատրաստել` 1/4 բաժակ ընկույզի ձեթ, մնացածը`արեւածաղիկի), նշի (սրանից ես Երեւանում չեմ հանդիպել, Տալլինից էի բերել մի քանի ամիս առաջ եւ միայն խմորեղենների մեջ եմ օգտագործում), կամ նույնիսկ ձիթապտղի, բայց ոչ մի դեպքում`<էքստրա վըրջին> տեսակը չվերցնեք, դա պիտանի է միայն սալաթների համար, քանի որ շատ արտահայտված ձիթապտղի համ ունի, եւ ջերմամշակման ենթակա չէ, դե իսկ եթե այս տարբերակներից ոչ մեկը չեք ուզում, ծայրահեղ դեպքում կարող եք 100 գրամ կարագը հալեցնել...
0,5 բաժակ վարսակի փաթիլներ` <հերկուլես>, ընդ որում` ամենապարզ տեսակը, որի տուփի վրա նշված է, որ պետք է եփել 15-20 րոպե, եւ ոչ թե մանրած, աղացած, եփելու կարիք չունեցող  կամ 2-3 րոպեում եփվող տեսակները
3/4 բաժակ ալյուր
համեմուքներ` դարչին, մեխակ, հիլ, մշկընկույզ
10 հատիկ խուրմա կամ սեւ սալորաչիր` կտրտած
1 թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ լիմոնի հյութ կամ քացախ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի եւ մեղրի հետ, ավելացնել ձեթը, էլի հարել, ապա ավելացնել քերած գազարը, լավ լվացած նարնջի քերած կեղեւը եւ հյութը (կարելի է նույնիսկ օճառոտ սպունգով լվանալ, քանի որ արդեն իսկ նարնջի սեզոնը չէ, եւ խանութներում եղած նարինջը`առեւտրային տեսքից չգցելու համար վտանգավոր քիմիական նյութերով են մշակում), վարսակը, համեմուքները, կտրատած խուրման կամ սալորաչիրը, սոդան` քացախով մարած, եւ ամենավերջում` մաղած ալյուրը: Խառնել, լցնել յուղոտած տապակի մեջ, դնել ջեռոցը, որը նախապես տաքացվել է մինչեւ 190-200 աստիճան: Տասնհինգ-քսան րոպեից ստուգել խմորի պատրաստվածության աստիճանը ատամի փայտիկով. եթե փայտիկը չոր դուրս եկավ խմորի միջից, անջատել ջեռոցը, եթե դեռ թաց եւ խմորոտ է, թողնել եւս հինգ-տաս րոպե:
Արեւագույն հրաշքը պատրաստ է: Ի դեպ, գիտնականները պնդում են, որ նարնջագույն սնունդը` կարոտինի շնորհիվ շատ օգտակար է, իսկ եթե ուշադիր նայեք մեր գազարով թխվածքի բաղադրատոմսը, կհամոզվեք, որ նրա գրեթե բոլոր բաղադրիչները առողջարար են:
Բարի վայելում:

No comments:

Post a Comment