Monday, May 9, 2011

Այսպիսի եթեր...

Վերջերս կայացած մի սեմինարի ժամանակ, որի մի հատվածը վերաբերում էր հայաստանյան հեռարձակողներին, եւ մասնավորապես <Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի> փոփոխություններին, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տեղեկատվական իրավունքի և քաղաքականության կենտրոնի տնօրեն, նույն համալսարանի Տեղեկատվական իրավունքի ամբիոնի վարիչ Անդրեյ Ռիխտերը, որը նաեւ որպես ԵԽ փորձագետ զբաղվել էր մեր Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով, պատմեց, որ իր ասպիրանտներից մեկի գիտական թեզը նվիրված է եղել Հարավային Կովկասի երկրների հեռարձակողներին: Նա ուսումնասիրել է հայաստանյան, ադրբեջանական եւ վրացական հեռուսաեթերները` իհարկե, գլխավորապես, հանրային հեռուստաալիքները: Երիտասարդը որպես եզրափակիչ նկատառում գրել է, որ հայաստանյան Հանրային հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ, թերֆինանսավորման խնդիր ունեն, քանի որ ստիպված են լինում եթերը լցնել նույն հաղորդմամբ` օրվա մեջ մի քանի անգամ կրկնելով այն: Նրա մտքով անգամ չի անցել, որ դա կարող է լինել պարզապես քաղաքականություն` <մենք քեզ կստիպե'նք նայել Աննա հեռուստասերիալը> գաղափարով...

Հ1-ով, օրինակ, ցուցադրում են օրը երեքից չորս սերիալ, եւ մեկ-երկու սերիալային բնույթի հաղորդում, որոնք կրկնվում են նույն օրվա մեջ նվազագույնը երկու, բայց հիմնականում` երեք անգամ: Օրինակ, դատելով ծրագրից, որը տպագրված է <TV - ալիք> շաբաթաթերթում (իմ ձեռքի տակ մարտի 28-ապրիլի 3-ի համարն է, բայց վստահ եմ, որ այս մեկ ամսում ոչինչ չի փոխվել), մարտի 28-ին, երկուշաբթի օրը Հ1-ը քսանչորս ժամվա ընթացքում ցուցադրել է երեք անգամ <Կյանքի կարուսել> սերիալը` ցերեկը 14.00, երեկոյան 20.10, գիշերը 2.30, երեք անգամ  <Վեր կաց եւ քայլիր> սերիալը` առավոտյան 9.50, երեկոյան 19.15, գիշերը 3.40, երկու անգամ ցուցադրել է <Հրեշտակների դպրոցը> սերիալը` ցերեկը 16.40 եւ երեկոյան 22.20, երկու անգամ (շաբաթվա մյուս օրերին` երեք անգամ) <Աննա 2> սերիալը` 17.40 եւ 21.35, երեք անգամ <Երջանկության մեխանիկա> հաղորդումը` երեկոյան 18.30, գիշերը 3.00, առավոտյան 7.15... Սրանից բացի մեկական անգամ կրկնում է հին սերիալներից` <Մի վախեցիր> եւ <Այսպես էլ ապրում ենք>, երկու անգամ ցուցադրում է <Վալմոն> ֆիլմը, եւ օրվա մեջ հինգ անգամ էլ <Հայլուր> լրատվական թողարկումը: Ամբողջ մեկ օրվա ընթացքում` մարտի 28-ին, այն մարդիկ, ովքեր ինչ-որ հրաշքով առայսօր կարողացել են իրենց զերծ պահել  սերիալամոլությունից, Հայաստանի ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստատեսությամբ կարող էին դիտել ընդամենը <Ասպետ> հաղորդումը` առավոտյան 8.00,< Հայաստանի ճամփեքովը>` երեկոյան 23.10, եւ փաստագրական երկու ֆիլմ` <Մեր քաղաքապետը>` 23.35 եւ <Ստորագրված է Շանել>` գիշերը 4.15:  Փաստորեն, ամեն ինչ արվում է, որպեսզի հանկարծ ու պատահաբար որեւէ մեկը չհամարձակվի անմասն մնա այդ սերիալներից... Ընդ որում, դրանք ցուցադրվում են նաեւ հանգստյան օրերին` <աշխատանքից հանգստանալ դու կարող ես, իսկ սերիալից` իրավունք չունես> կարգախոսով:
Ավելին, շաբաթ- կիրակի օրերին համընդհանուր <պոպսա> վիճակին, որ գերազանցապես տիրում է ՀԱՆՐԱՅԻՆԻ եթերում` սերիալա-երջանկությանմեխանիկային կպչունությամբ, ավելանում են այդ <պոպսա>-ն ամրապնդող եւ է'լ ավելի ռաբիզ դարձնող մի քանի էլեմենտներ` <Աշոտ Ղազարյանը հրավիրում է>, <Հանուն սիրո>, <Պատրաստված է ԽՍՀՄ>-ում, <Երգ-երգոց>, <Թոփ 10>,  <22.30. ռետրո>, <Երկու աստղ> եւ այլն... Մնացած ժամանակը լցվում է սպորտային բազմազան հաղորդումներով: Այսինքն` կամ <պոպսա> կամ սպորտ: Վե'րջ:
Մարդկանց համար, ովքեր անցել են դեռահասության տարիքից կամ որոնց դաստիարակությունը, կրթությունը, ներողություն արտահայտությանս` ճաշակը, ստիպում են նրանց մերժել այս կարգի դատարկաբանությունները, ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստաընկերությունը նախատեսել է ընդամենը մի քանի հաղորդում, որոնց գերակշիռ մասն ուղղակի կորում է համընդհանուր մթնոլորտում: <ԿՎՆ>-ի բժշակական թիմից, <Մեր բակերից> հայտնի Ռաֆայել Հովհաննիսյանի երեք հաղորդաշարերը` <Օտար, ամայի ճամփեքի վրա>, <Հայաստանի ճամփեքին> եւ <Մերոնք>, քիչ թե շատ նորմալ ժամերի են ցուցադրում, ընդ որում` շաբաթը երկու-երեք անգամյա կրկնությամբ: <Հրապարակում> հաղորդաշարը, որը Հ1-ի հազվադեպ լուրջ եւ ոչ թե մարդկանց զվարճացնելուն ուղղված հաղորդումներից է, եւ պատրաստվում է ՀՀ կառավարության հովանավորությամբ, ցույց են տալիս շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ, նույն ժամին` 18.30:  Բավականին հաջող ժամերի են ցույց տալիս նաեւ <Ականատես>, <Հատուկ ռեպորտաժ>, <Եվրոպական բանաձեւ> հաղորդաշարերը, որոնց մասին բավականին դրական արձագանքեր եմ լսել, ցավոք, չեմ դիտել:  Շատ չծավալվելու համար անեմ վերջին դիտարկումս, որը, գուցե մի քիչ սուբյեկտիվ թվա, բայց փաստ է. Արամ Աբրահամյանի <Պարականոն> հաղորդաշարը, որը, ոչ միայն իմ, բնականաբար, սուբյեկտիվ կարծիքով, այլեւ` մասնագետների եւ երբեւէ այն դիտածների տպավորությամբ, շատ կարեւոր եւ պետքական հաղորդաշար է, որում բավականին հանրամատչելիորեն, պարզ եւ բոլորի համար հասկանալի լեզվով ներկայացվում է դասական երաժշտությունը, խոսվում է կոմպոզիտորների եւ նրանց ստեղծագործությունների պատմության մասին, տեղեկություններ են տրվում դասական երաժշտության <ալֆայի եւ օմեգայի> մասին, ցուցադրվում է շաբաթը մեկ անգամ, շաբաթ օրերին, գիշերը 1.30-ից մինչեւ  4.00-ն ընկած ժամանակահատվածում: Ամեն շաբաթ` տարբեր ժամի: Եվ ողջ շաբաթվա ընթացքում չի կրկնվում: Այդ հաղորդման համար ՀԱՆՐԱՅԻՆԻ եթերում ազատ ժամանակ չկա: Այն ուղղակի կորում է... Թեեւ, պիտի հիասթափեցնեմ ՀԱՆՐԱՅԻՆի ծրագրերը տնօրինողներին` հաղորդումը դիտողներ, այնուամենայնիվ, կան, եւ ի զարմանս մեզ, նրանք բավականին շատ են: Ըստ երեւույթին, ՀԱՆՐԱՅԻՆԻ քաղաքականությունը որոշողները կարծում են, որ, ասենք, Բախի, Մոցարտի, Բիզեի, Կոմիտասի կամ Խաչատուրյանի եւ նրանց ստեղծագործությունների մասին դպրոցականները, երիտասարդները պարտադիր չի, որ լսեն, եւ հավանաբար, ցանկալի էլ չի, որ նրանք երբեւէ տեսնեն եթերում դասական երաժշտության որեւէ կտոր, թող ավելի լավ է պտտվեն Կյանքի կարուսելով եւ տառապեն Հրեշտակների քաղաքում... Ծայրահեղ դեպքում թող յոլա գնան <Երկու աստղով> եւ <Թոփ 10>-ով հնչող երաժշտությամբ...
Ավելին, ժամանակին, երբ <Պարականոնը> ցուցադրվում էր կաթողիկոսի կուլ տված <Արարատ> ալիքով, եւ սփռվում էր Հանրայինի արբանյակային ալիքով, մեծ արձագանքներ էինք ստանում նաեւ դրսի մեր հայրենակիցներից: Գրեթե օր չէր լինում, որ անձնական փոստով կամ հեռախոսով դրվատանքի խոսքեր չլսեինք օտար ափերի մեր հայրենակիցներից: Սակայն հիմա Հ1-ը որոշել է, որ դրսում ապրող մեր հայրենակիցներին ավելի շատ են հետաքրքրում տեղական արտադրության սերիալները, քան դասական երաժշտությանը նվիրված հաղորդումը, որը այլեւս տեղ չունի արբանյակային հեռարձակման մեջ... 
Մի երկու բառ էլ` Հանրային հեռուստաընկերության կայքի թարգմանության մասին: <Օտար, ամայի ճամփեքի վրան> թարգմանել են <On the ways of Diaspora>, այդ դեպքում, երբ այս հաղորդաշարը ամենւեին էլ Սփյուռքի մասին չէ, թեեւ այդ հաղորդաշարի թողարկումներում երբեմն լինում են սփյուռքահայերի մասին ակնարկներ: Իսկ ամենածիծաղելին, իհարկե, նույն <Պարականոնի> թարգմանությունն է `Rules of dancing` պարելու կանոնները: Ի դեպ, չիմացողների համար տեղեկացնեմ, որ պարականոն նշանակում է կանոններից դուրս, թարգմանվում է apocrif...

No comments:

Post a Comment