Saturday, June 4, 2011

Մի քիչ խոսքիդ տերը եղիր, մի քիչ էլ....

Անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին «Առավոտ» թերթի առաջնորդողում Արամ Աբրահամյանը գրեց իր «Հրապարակի շուրջ» հոդվածը, որն ավարտվում էր այսպես. «
Ազատության հրապարակում հանրահավաքը խոչընդոտելու իշխանության մարտավարությունն այժմ զուրկ է որեւէ գաղափարական հիմքից՝ դնում են մանկական փչովի ատրակցիոններ եւ ասում, որ հանրահավաքները խանգարում են երեխաներին: Թե որքանով են այդ փոշոտ եւ անհրապույր խաղալիքները «գեղեցկացնում» Թամանյանի դասական կառույցը, երկու շքեղ արձանները եւ բուն հրապարակը՝ դա մի հարց է, որը տվյալ մարտավարության հեղինակներին չի հուզում: Մյուս կողմից՝ նույն արձանների պատվանդաններին քաղաքական պաստառներ կպցնելը եւ այդ հրապարակում վրաններ խփելը զուտ գեղագիտական առումով նույնպես ամենաճիշտ լուծումը չէ:
Անձամբ ես կառաջարկեի իշխանություններին փչովի ատրակցիոնները վերացնել, ընդդիմության հանրահավաքներին չխոչընդոտել, բայց պայմանավորվել Կոնգրեսի ղեկավարների հետ վրաններ չխփելու, տեւական ակցիաներ չանելու, հրապարակում չքնելու մասին: Հասկանում եմ, որ այդ իմ առաջարկը դժվար թե իրագործվի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ»:         (Ի դեպ, այդ առաջարկը այսօր ամբողջությամբ իրագործվել է):

Արձագանքը, ինչպես երեկ պատահաբար ինտերնետը փորփրելով պարզեցի` չուշացավ: Նրա ջահել գործընկերը, որը հիմա քաղաքական գործիչ, ընդդիմության փարոս ու արեգակ է խաղում, բանտից պատասխանեց հետեւյալ հոդվածով.«

Մի քիչ ազատ եղիր, մի քիչ էլ սիկտիր

Ինչպիսի հանճարեղ գաղափարներ ասես, որ չեն ծնվում Հայաստանում: Հարգելի գործընկերը, օրինակ, որ հանդուրժողականության եւ կոմպրոմիսի ամենահայտնի ջատագովներից է, Ազատության հրապարակի շուրջ ստեղծված իրավիճակի յուրօրինակ լուծում է առաջարկում: Ըստ այդմ, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվածության գան, որ իշխանությունը թույլատրում է Ազատության հրապարակում հանրահավաք անել, իսկ ընդդիմությունը պարտավորվում է վրան չխփել այդտեղ եւ զերծ մնալ հրապարակում գիշերելուց: Հանդուրժողականության մասին այս պատկերացումը եւ զարմանալի է, եւ զարմանալի չէ:
Զարմանալի է, որովհետեւ ժամանակի առաջադեմ մտավորականներից մեկը կարող էր ընդդիմությանը կամ որեւէ մեկին առաջարկել ինքնակամ հրաժարվել իր իրավունքից` մեկ ուրիշ իրավունքից օգտվելու համար: Զարմանալի չէ, որովհետեւ այսօր Հայաստանում շատերն են այդպես վարվում: Եթե ուզում ես ազատ արտահայտվելու հնարավորություն ունենալ, ուրեմն ինքնակամ պարտավորվիր, որ Դոդի Գագոյի, սերվիզի Անդոյի, Մխչյանի Մկան մասին վատ բաներ չես խոսելու, մնացածի մեջ ազատ ես կատարելապես: Բայց մի պայման կա. եթե իշխանության լիդերների մասին քննադատական հինգ հոդված ես գրում, նույն դոզայի հինգ հոդված էլ ընդդիմության լիդերների մասին պիտի գրես: Բայց եթե շատ առաջադեմ ես, կարող ես պայքարել քո իրավունքի համար եւ իշխանության հետ բանակցություններում բարիշես յոթ հոդվածով` իշխանությանը, երեք հոդվածով` ընդդիմությանը քննադատելու քո իրավունքի համար: Ցավալի է, բայց հենց այսպիսին է ազատության մասին հայաստանյան «էլիտար» ընկալումը, եւ այդ ընկալումը բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում պարտադրել ամենքին: Եթե ուզում ես որեւէ քաղաքում ապրել` ազատ ես քննադատել տեղի շեյխ քաղաքապետին, բայց եթե չափդ անցնես եւ սկսես այնպիսի բաներ անել, որ իրական վտանգ ներկայացնի շեյխ քաղաքապետի բեսպրեդել գործելակերպի համար, այ այդ ժամանակ ինքնակամ հավաքիր իրերդ եւ սիկտիր եղիր շեյխի տիրույթներից: Հարգելի գործընկերը, Ազատության հրապարակի վերաբերյալ վերը հիշատակված լուծումն առաջարկելով, Հայ ազգային կոնգրեսին ընդամենը առաջարկում է աշխատել ընդդիմադիր այն նույն մոդելի շրջանակներում, որում աշխատում էին Ախք-ն ու Գեղամյանը, որում ներկայումս աշխատում են «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: Նրանք ազատ են արտահայտվել շեյխի սխալների, բացթողումների, նույնիսկ դավաճանության մասին: Նրանք ազատ են հայրենասիրական քլնգոցներով հանդես գալ: Բայց երբ բանը հասնում է այնպիսի ասելիքին ու գործողությանը, որ իրապես վտանգավոր է շեյխի իշխանության եւ բիզնեսի համար, նրանք դառնում են հանդուրժող, խելամիտ, հիշում են ազգի միասնության հազարամյա թնջուկի մասին: Եթե Ազատության հրապարակում չքնելու պարտավորություն ստանձնող լինեինք, հիմա մեր տներում քնած կլինեինք` գլոբալ պայմանավորվածությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյան: Հոկտեմբերի 15, 2010 թ.»:

Չզարմանաք, թե այդ ինչ էր ասել Արամը, որ ջահելն այդքան ծանր էր տարել: Չէ, այստեղ հակադարձելու խնդիրը չէ: Այստեղ, ինչպես մի անգամ առիթ եմ ունեցել նշելու, մարդկային տեսակի խնդիր է, որն ինքնահաստավում է միայն ուրիշներին սեւացնելու գնով: Իբր տեսեք` ես պնդում եմ, որ Արամը որոշակի պարտավորություններ է վերցրել որոշ մարդկանց առաջ, ուրեմն այստեղից պետք է ենթադրել, որ ես ազնվության մարմնացում եմ (նա մոռանում է, որ այս քաղաքը շատ փոքր է, եւ կան մարդիկ, ովքեր «ամեն ինչ գիտեն»), Արամը հանդուրժողականության ջատագով է, ուրեմն ես` անխոնջ պայքարի մարտիկ եմ, Արամը յոթ հոդվածով իշխանությանն է քննադատում, երեքով` ընդդիմությանը, իսկ ես տասով էլ` իշխանությանը, ուրեմն Արամը ծախված է, իսկ ես` տղա՛ եմ, տղա՛... Եվ այսպես շարունակ... Անշուշտ, այս հայհոյախառն մտավարժանքը բուռն հիացում է առաջացնում կոնգրեսական մասսաների մոտ` սկսած հայտնի տիկնանցից վերջացրած նույնքան հայտնի ջահելներով: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հա, նշեմ, որ տասնութ-քսան տարեկանից բարձր մեկի մասին, երբ ես լսում եմ «ինքը տղա ա», կամ նրա որեւէ արարքը որակվում ա որպես «տղու» արարք, ես միանգամից սկսում եմ զգուշանալ դրանից, որովեհետեւ ինֆանտիլիզմը, որով հիանում են նույնքան ինֆանտիլ ջահելները` ի դեպ, անկախ տարիքից եւ սեռից, գոնե ինձ համար ոչ թե հիացմունք, այլ խղճահարություն առաջացնող որակ է: Իսկ եթե մեկը, որն արդեն վաղուց տասնութ-քսան տարեկան չէ, ամեն ինչ անում է այդ ինֆանտիլ զանգվածի կողմից «տղա ա» որակմանն արժանանալու համար, իմ պատկերացումներով` բժշկի կարիք ունի:
Ինչեւէ, վերադառնանք մեր ջահելին, որն արդեն մի շաբաթ է հանգիստ քնում է իր տանը, ընդ որում` հաջողությամբ Ազատության հրապարակում միտինգ անելուց եւ վրան չխփելուց ու այնտեղ չգիշերելուց հետո: Նորից հիշենեմ նրա փայլուն վերջաբանը .«Եթե Ազատության հրապարակում չքնելու պարտավորություն ստանձնող լինեինք, հիմա մեր տներում քնած կլինեինք` գլոբալ պայմանավորվածությունների շրջանակներում»:
Եվ իր իսկ վերնագրի նմանակմամբ պատասխանեմ` «Տղա, մի քիչ խոսքիդ տերը եղիր, մի քիչ էլ....»
Կա քարեր շպրտելու ժամանակ եւ կա` քարերը հավաքելու ժամանակ...

No comments:

Post a Comment