Դժբախտ դեմքով մի նայեք, իբր` մեկ է, ես չեմ կարող սարքել... Շատ լավ էլ կարող եք, ամենեւին դժվար չէ, բայց արդյունքը.... Ախր, շատ համով է, է... Նրանք, ովքեր փորձել են` կհաստատեն:
Եվ այսպես, անհրաժեշտ է.
2 տուփ սեւ, դառը շոկոլադ, օրինակ` <Գրանդ քենդիի> 70%-անոցը
100 (50+50)գ կարագ
100 (30+30+40)գ շաքարավազ
4 ձու
300 գրամ բարձր յուղայնության կաթնասեր, օրինակ` <Պարմալատի> 33%-անոցը, թեեւ ես անձամբ ուղղակի քաշում եմ սերը մեր հարեւանից գնած տնական կաթից
2 ճաշի գդալ կակաո
10-15 հատ սալորաչիր, որը նախորդ օրվանից թրջվել է կոնյակի մեջ:
Պատրաստումը.
Չորս ձվի սպիտակուցն առանձնացնել, լցնել մի տարայի մեջ, դեղնուցը` մեկ այլ, եւս մեկ տարայի մեջ լցնել կաթնասերը:
Առանձին պատրաստել <ջրային բաղնիք>` համեմատաբար մեծ կաթսայի մեջ մի քիչ ջուր լցնել, վրան դնել ավելի փոքր կաթսա կամ թասիկ, որը ամբողջությամբ չի մտնում մեծ կաթսայի մեջ, մնում է վրան: Այս <կոնստրուկցիան> դնել միջին կրակին: Չմոռանամ նշել, որ հանկարծ շատ բարակ պլաստմասայե թասիկ չվերցնեք` կհալվի: Թասիկի մեջ լցնել կտրատած դառը շոկոլադը 50 գ կարագի հետ: Մինչեւ շոկոլադը հալվի, անցնել մյուս գործերին: Սպիտակուցը շատ լավ հարել` ընթացքում ավելացնելով 30գ շաքարավազ` մոտ 2-3 ճաշի գդալ: Պետք է դառնա պինդ բեզե: Նույն ձեւով հարել կաթնասերը` նույնքան շաքարավազի հետ, էլի պետք է շատ պնդանա:
Դրանից հետո սկսել հարել դեղնուցը` մնացած շաքարավազի հետ, ավելացնել 50 գ թույլ կարագ, շարունակել հարել, ավելացնել կակաոն, նախապես կոնյակի մեջ թրջած եւ կտրտած սալորաչիրը, նորից խառնել, եւ հարելու ընթացքում քիչ-քիչ ավելացնել հալած շոկոլադը: Անընդհատ հարել, որպեսզի տաք շոկոլադի պատճառով դեղնուցները չեփվեն:
Մնում է ավելացնել հարած բեզեն եւ կաթնասերը: Դրանք ավելացնում ենք փայտե կամ սիլիկոնե գդալով խառնելով` հարիչը այլեւս պետք չէ: Զգույշ, նրբորեն խառնելով ավելացնում ենք սկզբում կաթնասերը, վերջում սպիտակուցը: Պատրաստ է:
Վերցնում ենք ուղղանկյուն կամ քառակուսի խորը տարա, օրինակ` կեքս պատրաստելու համար նախատեսված, կպչուն ցելոֆանով պատում ենք այդ տարայի ներսը, եւ մեր պաղպաղակացուն զգուշությամբ լցնում ենք մեջը, նույն կպչուն ցելոֆանով փակում ենք տարան, որպեսզի սառցարանի հոտը չդիպչի մեր պաղպաղակին, եւ դնում ենք սառցարան` առնվազ մեկ գիշեր:
Հաջորդ օրը հանում ենք սառցարանից, վրայից հանում ենք ցելոֆանը, շուռ ենք տալիս մեծ, ցանկալի է ուղղանկյուն կամ քառակուսի մատուցարանի մեջ: Շատ տաք ջրով թրջած եւ քամած սրբիչով մի քանի անգամ տաքացնում ենք ապակե տարան, որպեսզի պաղպաղակը միջից դուրս գա: Հեշտությամբ դուրս է գալիս: Մնացած ցելոֆանն էլ ենք հանում, կտրատում ենք եւ մատուցում...
No comments:
Post a Comment