Monday, June 6, 2011

Տղություն եւ տղամարդկություն

Նախորդ գրառումիցս հետո ծանոթներիցս մեկը հարցրեց. <Ինչ վատ բան կա տղա լինելու մեջ? Չէ որ երբ ինչ-որ մեկի մասին ասում են` տղա ա, նկատի ունեն, որ համարձակ ա, քաջ ա, դուխով ա...>:
Կրկնեմ` մինչեւ քսան` առավելագույն դեպքում, տարեկանի համար <տղա> լինելը առանձնապես վատ բան չէ, բայց դրանից հետո տղան պետք է դառնա տղամարդ: Դա նշանակում է, որ նա պետք է ունենա ա. այնքան հասունություն, որ պատասխանատու լինի իր ասած ամեն բառի համար, բ. այնքան քաջություն, որ կարողանա ընդունել իր արած սխալը` ոչ մեկս անսխալական չենք, գ. չչարաշահի իր ունեցած <իշխանությունը>, լինի դա` սեփական կնոջ կամ զավակի հանդեպ ունեցած իրավունքներ, ոստիկանի համազգեստ, սեփական թերթ, պետական պաշտոն եւ այլն, դ. պատասխանատվություն ստանձնի բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինչ-որ տեղ ինչ-որ չափով կախում ունեն իրենից, ե. կարողանա հարկ եղած պարագայում ստորադասել իր շահերը` ավելի մեծ նպատակների համար եւ այլն, եւ այլն... Համաձայնվեք, որ այս ամենը ոչ միայն ի վերուստ տրված, այլեւ ինքնադաստիարակման արդյունքում հասունացող հատկանիշեր են, որոնք <տղային> դժվար տրվեն:
Ընդ որում` նորից եմ շեշտում, <տղայությունը> ամենեւին կապ չունի մարդու տարիքի եւ սեռի հետ: Քիչ չեն դեպքերը, երբ հիսունն անց մարդը դեռ <տղա ա> ու հպարտանում է դրանով, էլ ավելի զարմանալի է հիսունն անց տիկնանց` <տղա> լինելը եւ իրենց շրջապատի տղաների` <տղա> մնալը խրախուսելը:
Ավելորդ է նաեւ ասելը, որ տղամարդու բառամթերքը էականորեն տարբերվում է <տղու> բառամթերքից: Որովհետեւ, ինչպես արդեն նշեցի` տղամարդը պատասխանատու է իր արարքների եւ ասածների համար:
Շարունակելի

No comments:

Post a Comment