Միշտ զարմացել եմ այն մայրերի վրա, ովքեր հանդուրժել են, երբ իրենց զավակներին հայրիկ-պապիկ-քեռի-հորեղբայրները, կամ ավելի վատ` հարեւանները, սեռական բնույթի հայհոյանքներ են սովորեցրել եւ դեռ ավելին` հյուրերի ներկայությամբ այդ երեխաներին կանգնեցրել եւ հայհոյել են տվել... Ու հետո մի լաաաաաավ զվարճացել են` իրենց ծաղրածուների վրա:
Միշտ զարմացել եմ այն մայրերի վրա, ովքեր, տեսնելով բակում իրենց երեխաների կռիվը, իրենց կոտորելով նետվել են ցած, եւ հարձակվել իրենց աննման ու անզուգական զավակի հետ վիճել համարձակվողի վրա: Իսկ իրենց կռվարար չարաճճիին որեւէ նկատողություն չեն արել: Ինչի մասին եմ խոսում` նույնիսկ չեն փորձել ճշտել` ի՞նչ, ինչո՞ւ, ո՞նց, ե՞րբ... Դե, իրենք լաաաավ մամա են, հո մեր նման հարիֆ չեն, որ սեփական երեխային հասկացնեն` բալիկ ջան, չի կարելի, դիմացինդ էլ քեզ պես երեխա է, քեզ պես մարդ է, դու էլ ես չարաճճի լինում, նա էլ, հաշտվեք... Իրենց մոտ «չի կարելի» չկա...
Ես միշտ զարմացել եմ այն հայրերի վրա, որոնք իրենք առավոտից իրիկուն սիգարետը բերաններից չեն հանում, բայց իրենց զավակների «գլուխը կջարդեն», եթե ծխելուց տեսնեն, կամ իրենք ամբողջ օրը տանը սրան-նրան հայհոյում են, բայց իրենց տղաների «ոտը կպոկեն», եթե «բերնից քֆուր հելնի»: Ո՞նց, ինչպե՞ս, ինչո՞ւ պիտի չծխեն կամ չհայհոյեն, եթե դա են տեսնում ՊԱՊԱՅԻՑ...
Էլ չեմ զարմանում: Որովհետեւ տեսնում եմ դա ամեն օր: Տեսնում եմ, թե ինչպես է իշխանության համար պայքարող քաղաքական մի ուժ այնքան «լկստվացնում» իր ջահելներին, որ դրանք բավական չէ արդեն վաղուց, իրենց գաղափարական ծնողներից օրինակ վերցնելով, սկսել են իրենց դատավորի տեղ դրած մեկին «տականք», մյուսին` «վախկոտ ու ստորաքարշ», երրորդին` «ծախված», չորրորդին` «միաբջիջ», հինգերորդին` «անբարոյական», վեցերորդին «դավաճան», յոթերորդին ... (այստեղից արդեն սկսվում են այն հայհոյանքները, որոնք վերարտադրել չեմ կարող անվանել) անվանել, այլեւ, տեսնելով, որ իրենց գաղափարական մայրիկներն ու հայրիկները ամեն դեպքում իրենց թասիբին կանգնած են եւ իրենց արդարացնում են, պատրաստ են ճղել բոլոր նրանց կոկորդը, ովքեր կփորձեն իրենց կարգի հրավիրելու առաջարկ անել:
Դրանք արդեն ամբողջությամբ կորցրել են իրականության զգացողությունը:
Նրանք կարծում են, որ իրենք արդեն վե~րջն են, իրենք արդեն ամե~ն ինչ են, իրենց արդեն ամեն ինչ կարելի է, իրենք արդեն պատրաստ են ոտնատակ տալ ամենքին ու ամեն ինչ, որովհետեւ, գիտեք ինչ` նրանք «հաղթել են», եւ հիմա իրենց «հաղթանակին են տեր կանգնում»` մամաների ու պապաների հետ մեկտեղ: (Ի դեպ, այդ մամա-պապաներից շատերը սեփական երեխաներին այդ աստիճանի չեն սանձաթափում, սեփական երեխաների մոտ որոշակի արժեհամակարգ գոնե ձեւավորում են, սովորեցնում են որոշ բաներ, մի թեթեւ դաստիարակում են:)
Իրենց երեւակայական հաղթանակին «տեր կանգնելու» ճանապարհին դրանք Հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տվածին «վախկոտ ու ստորաքարշ» են անվանում, քանի որ իրենք, ապեեեեե, ով չգիտի թող իմանա` իրենք «դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց» են լինում, իսկ այդ «վախկոտ ստորաքարշերը» մենակ հայտարարություն եւ հարցազրույց են տալիս եւ չեն հայտնվում «մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա»...
No comments:
Post a Comment